Բաժիններ՝

Պորոշենկոն պատրաստ է կատարել Սահակաշվիլիի քաղաքացիության վերաբերյալ դատարանի ցանկացած վճիռ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կկատարի Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դատարանի ցանկացած վճիռ, սակայն վերջինս ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում այդպես էլ չի դիմել դատական ատյաններ։

«Ցանկացած իրավական պետությունում անձն իրավունք ունի ցանկացած վարչական ակտ գանգատարկել վարչական դատարանում, տվյալ դեպքում Բարձրագույն վարչական դատարանում: Եվ ես՝ որպես նախագահ, կկատարեմ դատարանի ցանկացած վճիռ: Դուր չի գալի՞ս Ուկրաինայի դատարանների վճիռը: Կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան… Անցել է ավելի քան մեկուկես ամիս: Ոչ ոք դատարան չի դիմել»,- սեպտեմբերի 11-ին Կիեւում ասել է նա գյուղական բժշկության զարգացման հարցերին նվիրված խորհրդակցությունում:

Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանն անցնելը որակել է հանցագործություն:

Ավելի վաղ Ուկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական գործի վարույթ է սկսել այդ փաստի առնչությամբ: Հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 11-ին հրապարակվել է Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքում, նշված է, որ Սահակաշվիլիին եւ նրա կողմնակիցներին կարող է սպառնալ մինչեւ հինգ տարվա ազատազրկում:

Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին, որը զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից եւ չունի փաստաթղթեր, իր կողմնակիցների աջակցությամբ Ուկրաինայի տարածք է ճեղքել-անցել «Շեգինի» հսկիչ անցակետով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս