Բաժիններ՝

Իրանը կատարում է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ

Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով (ԳՀՀՊ) ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում:
«ԳՀՀՊ-ի շրջանակներում միջուկային ոլորտում Իրանի ստանձնած պարտականությունները կատարվում են»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ը 18 կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց ներառել է Իրանի հրթիռային ծրագրի գծով պատժամիջոցների ցուցակում: Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի պատժամիջոցները, հայտնելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկյան ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկիրը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ընդլայնել պատժամիջոցները: Նաեւ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել սեփական հրթիռային ծրագրի մշակման համար 520 մլն դոլար հատկացնելու օրինագծին՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս