Իոսիֆ Կոբզոնը նշում է իր 80-ամյակը
Ռուսական էստրադայի ականավոր դեմքերից մեկը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 11-ին ընտանեկան շրջանակում նշում է իր ծննդյան 80-ամյակը:
«Ես, ինչպես միշտ, հոբելյանը նշելու եմ բեմի վրա՝ մորս հիշատակին: Հանդիսությունը կկազմակերպեմ այն բանից հետո, երբ ես, Աստված տա, սեպտեմբերի 20-ին երգեմ Կրեմլում, իսկ ծննդյանս օրը կնշեմ ընտանիքում կնոջս, աղջկաս եւ որդուս հետ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է Կոբզոնը:
Ավելի քան կես դար չի դադարում երգչի բուռն հյուրախաղային գործունեությունը, նա ցանկալի հյուր է մնում բոլոր երաժշտական փառատոններում, բարձրաշխարհիկ երեկույթներում, կորպորատիվ եւ մասնավոր միջոցառումներում, ամանորյա «Երկնագույն օգոնյոկներում» եւ հեռուստաեթերի մյուս տոնական համերգներում: 2012 թվականին Իոսիֆ Կոբզոնը հայտարարել էր, որ համերգային գործունեությունը կավարտի իր ծննդյան 75-ամյակի օրը՝ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, Կրեմլի Պետական պալատում մենահամերգով: Բայց այսօր երգիչը, որը վերապրել է պատերազմի դժվարին տարիները, տարհանումը, ծանր հիվանդությունը, դեռ էլի շարունակում է բեմ բարձրանալ, հյուրախաղերով ճանապարհորդել ամբողջ երկրում եւ ամենաակտիվ մասնակցությունն ունենալ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին: Կոբզոնն իր 80-ամյակն ավանդաբար նշում է համերգով Կրեմլում:
1989 թվականին Կոբզոնն ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, եւ այդ կարգավիճակում մնացել մինչեւ 1992 թվականը: 1997 թվականից մինչ այժմ երգիչը «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից ՌԴ Պետական Դումայի պատգամավոր է (երկրորդից մինչեւ ներկայիս յոթերորդ գումարումների):