Բաժիններ՝

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել

Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:

«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:

Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: Նախքան այդ Ադրբեջանի հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում: Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի:

«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:

Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս