«Եթե «Ելք» դաշինքն այդքան անկեղծ է, թող պահանջի Պանթեոնից Անդրանիկ Մարգարյանի արձանը հեռացնել». Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սովետական Միության ժամանակ միայն Հայաստանն էր, որ փորձում էր ամեն կերպ ցույց տալ իր ստրկությունը.
«Մենք ավելի էինք ուզում ցույց տալ մեր ստրկությունը, քան Մոսկվան պահանջում էր՝ ռուսական դպրոցներ, ռուսական անվանումներով փողոցներ, քաղաքներ։ Դա մեր հպատակության արտահայտությունն էր։ Մեծ ու փոքր պետությունների մեջ, մանավանդ, երբ եղել ես նրա գաղութը, ինչքան շատ ես տալիս, այնքան շատ են ուզում։ Ես չեմ տեսել, որ այն ժամանակ որևէ ռուս պաշտոնյա ասեր, թե ռուսական դպրոցներ պետք է բացվեն Վրաստանում, իսկ մեզ ասում էին»։
Նա նշեց, որ պատկերացնում է, թե ինչ են մտածում ռուս պաշտոնյաները, երբ փողոցներ անվանափոխելու մասին խոսակցություններ կան Հայաստանում.
«Երևի ասում են՝ հայերն էդ ո՞վ դարձան, որ փողոց անվանափոխեն։ Ես կարծում եմ, որ հիմնական հարցը մեր հոգեբանությունն է։ Ադրբեջանին զենք վաճառելով՝ նրանք ասում են, որ հայերը ոչ մի տեղ չեն կորչի։ Մենք կախվածության մեջ ենք Ռուսաստանից»։
Ինչ վերաբերում է փողոցների անվանափոխությանը, նա հիշեց, որ, երբ 1990թ. Հայաստանում եղավ իշխանափոխություն, ստեղծվեց հանձնաժողով՝ անվանափոխություններ անելու համար, բայց դա կիսատ մնաց.
«Անվանափոխությունը պետք է լինի մեր ընդհանուր գաղափարի մի մաս։ Պետք է լինի հանձնաժողով։ Ես ինքս այլախոհական ընտանիքից եմ եղել, կոմունիստական ամեն ինչին դեմ եմ եղել, բայց Մյասնիկյանը, Խանջյանն ինչ-որ գաղափարին նվիրված մարդիկ են եղել։ Ես միշտ զարմացել եմ, թե այդպիսի հանճարեղ մարդիկ՝ Տերյանն ու Չարենցը, ո՞նց են դարձել բոլշևիկ։ Եթե «Ելք» դաշինքն այդքան անկեղծ է, թող պահանջի Պանթեոնից Անդրանիկ Մարգարյանի արձանը հեռացնել, ոչ թե միայն փողոցներ անվանափոխել։ Ես չգիտեմ՝ նա ինչ է արել Հայաստանի համար»։