«Իրմա» փոթորիկը թուլացել է մինչև առաջին կատեգորիա
«Իրմա» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա: Այդ մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնը: Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը շարունակում է ուժը կորցնել եւ շարժվում է Տամպա քաղաքից դեպի հյուսիս: Աղետի գոտում քամու ուժգնությունն ընկել է ժամում մինչեւ 135 կիլոմետր: Ֆլորիդայի նահանգին մոտենալիս «Իրմա»-ն չորրորդ կատեգորիայի ծովամրրիկ էր:
Ներկայում հիմնական սպառնալիքը ներկայացնումէ ջրի մակարդակի հավանական բարձրացումը. ըստ կանխատեումների, Տամպայի շրջանում ջրի մակարդակը կարող է բարձրանալ մինչեւ 4,5 մետր: Նախօրյակին «Իրմա»-ն պատուհասել էր Մայամիին՝ ողողելով քաղաքի զգալի մասը:
Ինչպես սպասվում է, փոթորիկի էպիկենտրոնը կարճ ժամանակ կմնա Ֆլորիդայում, եւ արդեն մինչեւ սեպտեմբերի 11-ի օրվա վերջը կշարժվի Ջորջիայի, Ալաբամայի եւ Թենեսիի կողմը:
ԱՄՆ-ում զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն հրապարակվել: Իշխանությունների կանխատեսման համաձայն՝ «Իրմա»-ից կարող է տուժել ավելի քան 30 մլն մարդ:
Վնասները հաշվում են նաեւ Կարիբյան կղզիներում, որոնք ամենից շատ են տուժել տարերքից: Բրիտանական Վիրջինյան կղզիների իշխանությունները օգնության են սպասում Լոնդոնից: Լայնածավալ ավերածությունների պատճառով բրիտանական անդրծովյան այս տարածքի իրադրությունը մոտ է օրհասականին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգնություն է խոստացել Սեն Մարտեն կղզուն, որտեղ ավերվել կամ վնասվել է շինությունների 70 տոկոսը: Ընդամենը Կարիբյան ավազանում փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: