ՄԱԿ-ի ԱԽ-ն կքվեարկի ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցի շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 11-ին կքվեարկի ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկմանն ի պատասխան այդ երկրի դեմ պատժամիջոցների խստացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագծի շուրջ: Դա հաստատել է ԱԽ-ում նախագահող Եթովպիայի պատվիրակությունը:
Ինչպես հայտնել են երկրի՝ ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչությունում, քվեարկությունը կկայանա օրվա երկրորդ կեսին՝ այն կոմիտեի աշխատանքին նվիրված փակ հանդիպումից հետո, որը հետեւում է Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմի կատարմանը: Սեպտեմբերի 11-ին քվեարկություն անցկացնելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
Անվտանգության խորհրդի անդամների շրջանում տարածված փաստաթղթում ենթադրվում է արգելել ԿԺԴՀ-ին նավթի եւ նավթամթերքների մատակարարումները, ինչպես նաեւ սահմանել հյուսիսկորեական թեթեւ արդյունաբերության արտադրանքի բռնարգելք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: