Հայտարարություն. դադարեցնել Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում

Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին:

Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցան աննախադեպ լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց ընթացքում միայն հայկական զինված ուժերի մարդկային կորուստները, ըստ մեր գնահատականների, կազմեցին մոտ 77 մարդ: Ադրբեջանական զինուժի մարդկային կորուստների վերաբերյալ տվյալները հայտնի չեն՝ դրանց գաղտնիության պատճառով:

Հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը նպաստեց այդ նույն ժամանակահատվածում հակամարտության մեջ ներգրաված պետությունների կողմից աննախադեպ սպառազինությունների մրցավազքը, որին անմիջականորեն նպաստում է և ուղղակի մասնակցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը:

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2016 թ. զեկույցի՝ 2012–16թթ. Ադրբեջանը և Հայաստանը մեծ թվով սպառազինություն են գնել Ռուսաստանի Դաշնությունից, չնայած՝ Հայաստանը 20 անգամ ավելի քիչ: Ադրբեջանի հիմնական մատակարարը հանդիսանում է հենց Ռուսաստանը, որը մատակարարում է Ադրբեջանի կողմից ձեռք բերվող զենքի 69 տոկոսը:

Այս համատեքստում արտառոց էր 2017թ. սեպտեմբերի 5-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինություննների մատակակարման հարցին տրված գնահատականը. «Դա Միացյալ Նահանգների ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառի կամ անվճար մատակարարի զենք, և նաև այն երկրի ինքնիշխան որոշումը, ով հանդիսանում է այդ աջակցության ընդունողը: Մենք այդ գործընթացի վրա չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային կանոներ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանը, այլ միայն խորացնում է վիճակը»:

Այսպիսով, ՌԴ նախագահը առավել քան գիտակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում իր պետության կողմից սպառազինությունների մատակարարման ծանր հետևանքները, սակայն շարունակում է, իր իսկ խոսքերով, «միջազգային կանոներին և մոտեցումներին» հակասող գործելակերպը:

Այսպիսով, ՌԴ-ն՝ հանձին նախագահ Վ. Վ. Պուտինի, ցուցաբերում է երկակի չափանիշներով քաղաքականություն՝ տարբեր հակամարտությունների նկատմամբ:

ՌԴ-ն, հանդիսանալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ոչ միայն իրականացնում է հակամարտության կարգավորման սկզբունքներին հակասող, այլ նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ բանակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Մենք դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նման ընտրողական և հակամարդկային մոտեցումը և գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է

– պահպանի իր իսկ կողմից մատնանշված միջազգային կանոններն ու մոտեցումները,

– անհապաղ դադարեցնի զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նշված ուղղություններով քայլեր չկատարելու դեպքում, գտնում ենք, որ ԵԱՀԿ-ում պետք է սկսվեն քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու ուղղությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս