Դամասկոսը ԱՄՆ-ից պահանջել է հեռանալ երկրից
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն «անօրինական է ու անընդունելի», քանի որ դրան հավանություն չի տվել արաբական հանրապետության կառավարությունը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Փեյսալ Մեքդադը «Ալ Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «հարկ է, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զինվորականներին, այլապես սիրիական բանակը նրանց կդիտի որպես թշնամական ուժ»:
«ԱՄՆ-ի և նրա գլխավորած կոալիցիայի գործողությունները ոչ մի արդարացում չունեն, քանզի նրանք ավերում են Սիրիան՝ ավիահարվածների ընթացքում սպանելով խաղաղ բնակիչների և ոչնչացնելով տնտեսական ենթակառուցվածքը,- ընդգծել է դիվանագետը: -Դա համապատասխանում է ահաբեկիչների պլաններին, բայց չի համապատասխանում Սիրիայի ժողովրդի շահերին»:
Մեքդադը նշել է, որ «բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կռվել ահաբեկչական կազմավորումների դեմ, հարկավոր է իրենց գործողությունները համաձայնեցնել Սիրիայի ու նրա դաշնակիցների հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը՝ EPA-ի