Շվեյցարիայի ամենափոքր գյուղը կվերածեն հյուրանոցի
Տիչինոյի կանտոնի Կորիպո գյուղը, որը համարվում է Շվեյցարիայի ամենափոքր գյուղը, վերածելու են հյուրանոցի: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Նշվում է, որ ավելի քան 600 տարի առաջ հիմնադրված այս գյուղը կորցրել է գրեթե ողջ բնակչությանը: 19-րդ դարում այստեղ ապրում էր 300 մարդ, այսօր՝ 16, ներառյալ գյուղապետը: Գյուղում չկան ոչ դպրոց, ոչ խանութ: Տեղի բոլոր բնակիչները թոշակառուներ են:
Կորիպոն պահպանելու համար իշխանությունները որոշել են այստեղ ստեղծել այսպես կոչված «ցիրուցան հյուրանոց» (albergo diffuso), որը ենթադրում է զբոսաշրջիկների տեղավորում տեղի բնակիչների լքված կամ դատարկ մնացած տներում: Դրա համար շենքերը կարգի կբերվեն, կվերականգնվեն, եթե դա անհրաժեշտ է, եւ կսարքավորվեն սանհանգույցներով ու ջրատարով: Նշվում է, որ նոր հյուրանոցի գրանցման գոտին կտեղավորվի տեղի բարում:
Տիչինո կանտոնի զբոսաշրջության տնօրեն Էլիա Ֆրապոլին ասում է, որ գյուղը կդառնա հանգստի հիանալի ուղղություն, որտեղ կարելի է թաքնվել 21-րդ դարի կյանքից: «Դա հիանալի վայր է այն բանի համար, ինչը մենք անվանում ենք թվային դետոքսիկացիա»,-նշել է նա:
Նշվում է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքների անցկացման համար կպահանջվի որոշակի ժամանակ, համենայն դեպս, մեկ տարուց ոչ պակաս: