Բաժիններ՝

«Երիտասարդների մեջ պետք է խրախուսել պատասխանատվության զգացումը»

«Կանա» կենտրոնի հարցազրույցը «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

-Շփման, հաղորդակցման ինչպիսի՞ սահման պետք է ստեղծեն զույգերը նախաամուսնական փուլում, հետագայում՝ ամուսնական կյանքում միմյանց առավել լավ հասկանալու համար:

-Եթե պատրաստվում են ամուսնանալ, ուրեմն պատրաստ են դառնալ մեկ մարմին, մեկ հոգի, մեկ ամբողջություն: Պետք է միասնական դառնան երեխաների դաստիարակության, ֆինանսների տնօրինման, հանգստի կազմակերպման, ծնողների նկատմամբ խնամքի և այլ նմանատիպ հարցերի նկատմամբ: Սահման ասելով տարբեր բաներ կարող ենք հասկանալ՝ հոգեկան մտերմություն, ֆիզիկական մտերմություն, ինտելեկտուալ-աշխարհայացքային մտերմություն և այլն։ Որքան շատ սահմաններ, այնքան անճանաչելի, անհասկանալի երևույթներ կան զուգընկերոջ մեջ։ Իրար քիչ ծանոթ, շատ ներքին և արտաքին պատնեշներ ունեցող զույգերը, երբ ընտանիք են ստեղծում անակնկալներն ավելի շատ են լինում, կոնֆլիկտները նույնպես:

-Շփման սկզբնական փուլում որո՞նք են այն հիմնական սխալները, որոնք նկատելի են զույգի թե՛ աղջկա, և թե՛ տղայի մոտ:

-Լավ հարաբերության ցուցանիշը միայն ամուսնությունը չէ: Կարող են հարաբերութունները լինել շատ լավը, արդյունավետ, դրական ազդեցություն ունենալ մարդու կյանքում, բայց չավարտվեն ամուսնությամբ: Մարդիկ հասկանում են, որ չեն կարող համատեղ ընտանիք ունենալ և սիրով, բարեկիրթ հրաժեշտ են տալիս միմյանց: Սրանք ևս հարաբերություններ են: Հարաբերություններում ամենամեծ սխալը, կարծում եմ, լիարժեք անկեղծության և մտերմության պակասն է: Փորձում են իրար ավելի շատ ինչ- որ բաներ ապացուցել, ցույց տալ, քան զգալ: Պետք չէ հարաբերություններ կառուցել կոնկրետ նպատակներից ելնելով. մեզանից ոչ ոք չգիտի, թե մեր ճանապարհը որտեղ կավարտվի և ավելի լավ է այսօր լինենք իրար հետ ազնիվ, անկեղծ, վայելել շփումը, մտերմությունը և հնարավորինս իրար տալ այն, ինչ կարող ենք: Իսկ եթե այդ հարաբերությունները վերածվեն ընտանիքի՝ շատ լավ, իսկ եթե՝ ոչ, ապա դրանք գոնե կդառնան լավ հիշողություն, կօգնեն հասունանալ, հասկանալ հակառակ սեռին, շտկել սեփական սխալները: Չէ՞ որ կյանքի փորձն անգնահատելի է, իսկ այդ փորձը տվողներն՝ անգնահատելի մարդիկ:

-Հաճախ թվում է նաև, թե անկեղծ են միմյանց հետ, մոտ 5 տարի կարող են ընկերություն անել, սակայն վերջին պահին, երբ գալիս է նշանադրության, ամուսնության կարևոր քայլերի ժամանակը հանկարծ բաժանվում են:

-Երկար ընկերությունից հետո, ամուսնության շեմին բաժանվելը, խոսում է այն մասին, որ զույգերը մինչ այդ չեն ունեցել լուրջ խնդիրներ, հարցեր, որոնք պատասխանատվություն են պահանջել: Առաջին իսկ խնդիրը, որը ստիպված են եղել համատեղ լուծել, ձախողում է:

Կա նաև ավագ սերնդի դերն ու ազդեցությունը: Շատ հաճախ ծնողների դերը մեծանում է, ուժեղանում սկսած նշանադրության, ամուսնության նախապատրաստումից: Կախված նրանից, թե ինչպիսին է մեծահասակների ազդեցությունը, երիտասարդների հարաբերությունները կրկին կարող են տուժել: Նախաամուսնական հարաբերությունների խզումը կարող է անթիվ, անհամար պատճառներ ունենալ:

-Ծնողների և զավակների միջև տարաձայնությունները, նաև այլ տարբեր պատճառներ կարող են հանգեցնել ամուսնալուծության: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակներից խուսափելու համար:

-Կարծում եմ նման խնդիրների զգալի մասը առաջանում է մեծահասակների միջամտության հետևանքով: Մեր մեծահասակները դժվարությամբ են ընդունում երիտասարդների անկախացումը, ինքնուրույնությունը: Այդ միջամտությունները հաճախ հոգատարության ձևով են արվում: Գերխնամքը կանգնեցնում է զարգացումն ու առաջընթացը, ինչպես նաև խանգարում է զույգերի հարաբերություններին, քանի որ ոչ հասուն զույգերն ավելի հաճախ են ունենում խնդիրներ:
Ի դեպ, ամուսնալուծվող զույգերի ճնշող մեծամասնությունը ապրել է ավագ սերնդի հետ:

-Իսկ ինչպե՞ս հասնել նրան, որ ծնողները չմիջամտեն զույգերի անձնական կյանքին:

-Երիտասարդների մեջ պետք է խրախուսել պատասխանատվության զգացումը: Եթե երիտասարդը կայացած չէ ո՛չ սոցիալապես, ո՛չ անձնապես, ոչ ֆինանսական առումով և ո՛չ էլ ֆիզիկական առումով, կամ միայն մեկ առումով է կայացած, իսկ մնացած առումներով՝ ոչ, ապա ընտանիքը չի կայանա, կամ կլինի անառողջ: Ընտանիքը սոցիալական ինստիտուտ է, հարաբերությունները լրիվ այլ բան են. ամեն հարաբերություն չէ, որ կարող է ընտանիք դառնալ և ամեն սեր չէ, որ կարող է դառնալ ընտանիք: Ընտանիքը համատեղ պատասխանատվության, համաձայնության, հանդուրժողականության պատրաստակամություն ունեցող մարդկանց միավորում է, որտեղ մարդիկ պետք է կարողանան միմյանց հետ կիսել ինչ-որ բաներ, զիջել և զոհաբերել: Շատ մարդիկ չեն ռեալիզացվում կյանքում, դժբախտ են լինում հենց այն պատճառով, որ ունեցել են անհաջող ընտանիք, անհաջող հարաբերություններ, որովհետև կինը կամ ամուսինը չի հարգել իր իրավունքները: Ամուսնալուծվում են, երբ հարաբերությունները փչացել են, իսկ երբ փչացել են, այլևս չեն կարող շատ հոգատար լինել, շահերի բախում է առաջանում ոչ թե հարազատ մարդկանց, այլ գործնականում արդեն օտար մարդկանց միջև:

-Կան որոշ կարծրատիպեր, որոնք գալիս են մենթալիտետից, ընտանիքից , որոնք հոգեբանորեն ազդում են նաև հետագայում զույգերի ազատ և անկեղծ շփմանը: Ինչպե՞ս պայքարել, երբ մոտեցումները բախվում են:

-Եթե հարաբերություններն անկեղծ և վստահելի են եղել մինչ ամուսնությունը, ապա բախումները պիտի քիչ լինեն: Իսկ եթե զույգերն իրար լավ չեն ճանաչում և կամ անկեղծ չեն եղել միմյանց հետ, ապա ամեն բան հնարավոր է:
Այս դեպքում, իհարկե, պետք է յուրաքանչյուրն իր համար որոշում կայացնի, թե ինչպիսի զոհաբերություններ է պահանջում իր ընտանեկան հարաբերությունները: Զույգը միշտ որոշակի զոհաբերությունների գնում է լավ հարաբերություններ ունենալու համար: Եթե զոհաբերությունները շատ մեծ են՝ առողջության, աշխատանքի, ազատ տեղաշարժման, տնտեսական անկախության և այլ հիմնարար իրավունիքներից զրկվելու պարագայում, կարծում եմ, պետք չէ գնալ զիջումների, դա այլևս ընտանիք չէ:

-Ի՞նչ կասեք, երբ այդ զիջումները հասնում են անձնական կարևոր դաշտերին:

-Իմ մասնագիտական կարծիքն է, որ եթե այդ զիջումները հասնում են արդեն անձնական կարևոր դաշտերին, օրինակ, բռնություններ, հարկադրաբար երեխայի ծնունդ, կամ հարկադրաբար հղիության ընդհատում և այլ զարհուրելի բաների, ապա հանդուրժել նման բաները պետք չէ: Փորձը ցույց է տալիս, որ ովքեր պահանջում են դիմացինից մեծ զոհաբերություններ, դրանց արդյունքում շարունակում են պահանջել ավելին:
Անկախ վերոնշյալից, ես կարծում եմ, որ ամուսնալուծությունը չի կարելի դիտել միայն բացասական տեսանկյունից: Եթե մարդիկ ամուսնալուծվում են, նշանակում է նրանք ցանկանում են ավելի երջանիկ լինել: Սա խոսում է այն մասին, որ նրանք սկսել են ավելի ազնիվ ապրել, չեն հանդուրժում դավաճանությունը, ընտանեկան կյանքի վատ երևույթները: Ամուսնալուծությունները նաև խոսում են այն մասին, որ ուժեղանում և ինքնուրույն են դառնում կանայք: Շատ ընտանիքներ ձևական են պահպանվում, և պահպանվում են հիմնականում կնոջ հանդուրժելու և զիջելու շնորհիվ:

-Ամուսնական կյանքի, համատեղ կենցաղի արդյունքում առաջ են գալիս խնդիրներ, որոնք դրդում են ամուսնալուծության: Համատեղ կենցաղային խնդիրներից խուսափելու, խնդիրները հաղթահարելու համար նախ ուժեղ կամք է անհրաժեշտ: Ինչպե՞ս հասնել ու վերագտնել այդ ուժը:

-Կենցաղային խնդիրներն ավելի շատ խանգարում են ոչ հասուն զույգերին: Հասուն զույգերին ևս խանգարում են կենցաղային անհամաձայնությունները, բայց դրանք սովորոաբար չեն հասնում ամուսնալուծության, որովհետև հասուն հարաբերություններում միշտ կա սեր և փոխվստահություն, հոգևոր արժեքների վրա հիմնված կապեր: Այդ կապերը չեն կարող խախտվել միայն կենցաղային խնդիրներով:

Ոչ հասուն հարաբերությունների դեպքում արդեն կարող է կարիք լինել մեծահասակների խաղաղեցնող միջամտությունը: Կարծում եմ, որ ծնողների միջամտությունները պիտի լինեն միայն խաղաղեցնելու և հարաբերություններ հարթելու նպատակով, այնինչ ոչ միշտ է այդպես լինում:

Զույգն իր փորձի պակասի պատճառով ունենում է խնդիրներ, դրանք ուռճացնում է, մտածում, որ դրա հետ չեն կարող հաշտվել: Կարծում եմ, մեծերի ազդեցությունը հենց այստեղ պետք է լինի, որ խորհուրդներով աջակցեն:
Առհասարակ ընտանեկան խնդիրների մեծ մասն առաջանում է հոգևոր և հուզական մտերմության պակասից, նյութական արժեքների գերարժևորումից:

Զրուցեց Նարե Ոսկանյանը

Qahana.am

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս