
«Ծայրահեղ ընդդիմությունը մահացել է». Սոցիոլոգ

«Ընդդիմությունն ընկել է մանր խնդիրների հետևից՝ փողոցների անվանափոխում և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի, դրա փոխարեն՝ ընդդիմությունը կարող էր վերլուծել, թե ինչ պետք է անենք մենք, որ միջազգային կառույցները Հայաստանում ներդրումներ կատարեն, զարգացնեն մեր տնտեսությունը:
Սոցիոլոգի խոսքով՝ առավելագույն լուրջ քաշ ունեցող «Ծառուկյան» դաշինքը կարծես թե չեզոք դիրք է գրավել, հանդես չի գալիս քննադատություններով. «Ամենատխուր բանն այն է, որ ծայրահեղ ընդդիմությունը, որը գլխավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն մահացել է, գոյություն չունի, դրա համար ժողովրդին փողոց հանող, ընդդիմությանը իշխանության դեմ հանող ուժ այսօր չկա: Դրա համար մեզ սպասվում է թավշյա, հանգիստ աշուն»:
Հարցին, թե 2018 թվականի վարչապետի ընտրությունը կարո՞ղ է որոշակի դժգոհությունների առիթ հանդիսանալ, սոցիոլոգը պատասխանեց, որ՝ ոչ, ընդհակառակը, ամեն մի նոր նշանակում հույս է ծնում լայն խավերի մոտ: Նրա գնահատմամբ՝ որպես գործադիր՝ Կարեն Կարապետյանի վարկանիշը ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը: