Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի S-400 ՀՕՊ համակարգեր

Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Mynet» լրատվամիջոցի՝ այդ մասին  թուրքական  «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան  մի դիվանագետ, ում  անունը չի հրապարակվում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Խոսելով ռուսական համակարգերի վաճառքի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին, եվրոպացի պաշտոնյան մասնավորապես ասել է.

«Պայմանագիրը կարող է ստորագրվել, սակայն այդ հրթիռները Թուրքիայում տեղակայելու մասին որևէ խոսք չկա: Ապա մի մտածեք, եթե Էրդողանը 2019թ. չվերընտրվի իր պաշտոնում, նրան փոխարինող անձը ըստ էության այդ համակարգերը տալու է ՆԱՏՕ-ին:  Ռուսաստանը նման ռիսկի չի դիմի»:

Թուրքական թերթի հետ զրուցած մեկ այլ դիվանագետի կարծիքով էլ Թուրքիան, բանակցություններ վարելով ռուսական կողմի հետ այդ ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցում, իրականում նպատակ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում անկայունություն առաջացնել:

«Ռուսաստանի կողմից S-400-ների վաճառքը Թուրքիային ես հավանական չեմ համարում»,-ասել է մեկ այլ դիվանագետ:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Ռուս պաշտոնյան միաժամանակ հավելել էր, որ պայմանագիրը առայժմ ուժի մեջ չի մտել, քանի, որ դեռևս առկա են որոշ տեխնիկական հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս