Իմ պաշտպանյալը չի հասցրել արգելակել. Ավանի ավտովթարի դեպքով «Համերի» վարորդը կալանավորվեց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է նաեւ 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի մասնակից «Hummer»-ի վարորդը՝ «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռը, 23-ամյա Արթուր Հակոբյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և կալանավորել Արթուր Հակոբյանին:

Նշենք, որ նույն դատավորը երեկ կալանավորել է նաև Հոնդայի վարորդ ԱԻՆ աշխատակից Լևոն Հակոբյանին:

23-ամյա Արթուր Հակոբյանը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Մեր զրույցում նրա պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանքի որոշումն ակնհայտ ապօրինի է:

Ի պատասխան մեր հարցին, պաշտպանն ասաց, որ որպես կասկածյալ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ նրան կալանավորելու հարցով: Արսենյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի խուսափել քննությունից, բացի այդ օժանդակել է նախաքննական մարմին, օբյեկտիվ իրականությունը վերհանելու հարցում: Հարցին, ինչո՞վ է օժանդակել իր պաշտպանյալը, Արսենյանը նշեց, որ Արթուր Հակոբյանն է նախաքննական մարմնին ներկայացրել հարակից բենզալցակայանում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը: Ըստ պաշտպանի՝  ՃՏՊ-ի մասնակից լինելու հանգամանքը չի նշանակում, որ տվյալ մեքենային բախված տրանսպորտի վարորդն է պատահարի պատճառը հանդիսացել: «Տեսանյութից էլ արդեն իսկ ակնհայտ էր, որ «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտ է հանդիսացել և ապակողմնորոշել ընթացող «Համեր» մակնիշի ավտոմեքենայի համար: Կարճ տարածությունում նա չէր հասցնի արգելակել: Արթուր Հակոբյանը համոզված լինելով, որ չի կարող այդ խոչընդոտը հաղթահարել՝ ստիպված է եղել շրջանցել, ինչը դժբախտաբար նրա մոտ չի ստացվել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ մինչ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը պետք է համապատասխան փորձաքննություն նշանակվեր՝ պարզելու՝ արդյոք արագության գերազանցում եղել, թե՝ ոչ:

«Իմ պաշտպանյալը ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ: Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյո՞ք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել և կանգ առնել, թե՞ ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր՝ իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,- նշեց պաշտպան Հովիկ Արսենյանը:

Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալ Արթուր Հակոբյանը ուսանող է, սովորում է Սլավոնական համալսարանում: Ըստ դեպքի վայրում հրապարակված տեսանյութերի՝ ԱԻՆ աշխատակիցը վթարից հետո վերադարձել է դեպքի վայր և մասնակցել փրկարարական աշխատանքներին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսպրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս