Արմեն Աշոտյանի ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր գիշերը երթևեկում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին՝ կեսգիշերի սահմաններում, հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ավտովթարի դեպքը եղել է սեպտեմբերի 6-ին՝ Այվազովսկու փողոցում` «Էրեբունի» թանգարանի դիմաց՝ ժամը 23:00-ի սահմաններում:
Աշոտյանն այդ ժամանակ արտերկրում էր: Toyota Camry մակնիշի 011 HH 01 պետհամարանիշի ավտոմեքենան վարել է Մանվել Գաբրիելյանը, իսկ սրահում գտնվել է Ալբերտ Միրզախանյան անուն-ազգանունով ուղևոր: Վթարի հետևանքով նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, առողջությանը հասցված վնասներ նրանց մոտ չի հայտնաբերվել: Բուժհաստատությունից տեղեկացանք, որ վարորդն ու ուղևորը չեն հոսպիտալացվել և անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո գնացել են:
Բայց այս պատահարն առաջ է բերում մի շարք հարցեր. Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող և Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ինչ նպատակով էր այդ ժամին երթևեկում, մանավանդ երբ Աշոտյանը երկրում չէ: Պետական միջոցներով ու հարկատուներիս հաշվին ձեռք բերված, պահպանվող ու լիցքավորվող այդ ավտոմեքենայով արդյոք պետական նշանակության որևէ հանձնարարությո՞ւն էր կատարվում: Եթե այո, ապա ինչ էր դա իրենից ներկայացնում: Այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ազգային ժողովից: Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մեկնաբանություն չստացանք:
Հ.Գ.1- Վերոնշյալ պատահարի ժամանակ իրար են բախվել Արմեն Աշոտյանին սպասարկող ավտոմեքենան և համար 39 ավտոբուսային երթուղին սպասարկող է Hyundai մակնիշի ավտոբուսը: Հաղորդվել էր, որ վերջինիս վարորդն անմիջապես ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։



