Բաժիններ՝

Եվրախորհրդարանը ուսումնասիրելու է Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը

Եվրախորհրդարանը մոտ ապագայում պատրաստելու է «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը, որում անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ և վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը ներկայացնում է կոռուպցիայի դեմ պայքարում և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրամիության անելիքները:

Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիան չափազանց մեծ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար, և որ այս տեսանկյունից կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց մեծ նշանակություն ունի: Փաստաթղթում միևնույն ժամանակ ներկայացվում են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներ:

Եվրախորհրդարանի տարածած հայտարարության համաձայն` Ադրբեջանի մասնակցությամբ 3 մլրդ դոլարանոց կոռուպցիոն սկանդալի պայթելուց հետո 96 եվրապատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել այս փաստաթղթում:

«Ադրբեջանական լվացքատուն» անվանումն ստացած կոռուպցիոն սկանդալի ուսումնասիրությունից պարզված հանգամանքների արդյունքում Եվրախորհրդարանը խստորեն քննադատում է եվրոպական որոշումներ կայացնողների վրա ազդեցություն ունենալու Ադրբեջանի քայլերը: Նախատեսվում է իրականացնել համակողմանի ուսումնասիրություն եվրոպական գործիչների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու ուղղությամբ: Եվրախորհրդարանը եվրոպական կառավարությանը կոչ է անում ձեռնարկել խստագույն քայլեր՝ կանխելու կոռուպցիոն երևույթները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս