Անթույլատրելի է անպատասխանատու գործելաոճը. ԵՊՀ
Վերջին օրերի ընթացքում մի շարք անպատասխանատու լրատվամիջոցներ ակնհայտ ուղղորդված լծվել են ԵՊՀ-ին ամեն գնով սևացնելու, անհիմն քննադատելու, ակնհայտ փաստերը նենգափոխելու, զազրախոսելու, բացառապես ամեն ինչին սև ակնոցով նայելու գործին:
Նույնիսկ սկսել են ակնհայտ ներխուժել մարդու անձնական կյանք ու իրենց, մեղմ ասած, ոչ բարոյական արտահայտություններով ներկայացնել իրականությանը չառընչվող «փաստեր»:
Որոշ թեմաների առումով անհեթեթության են հասել (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կրթագիտական գործունեության համար նյութերի ձեռքբերում, ԵՊՀ միջազգային վարկանիշավորում, ԵՊՀ-ի վարած ֆինանսական և սոցիալական քաղաքականություն և այլն):
Հնչեցված յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ բազմիցս եղել են պարզաբանումներ, թեման ներկայացնող հրապարակումներ, նույնիսկ որոշ դեպքերում՝ ինքնաքննադատություններ, բայց նմանաբնույթ մեկնաբանություններն ու թվացյալ ընկալումներն ուղղակի զավեշտ են:
Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում ենք ընդգծել, որ ԵՊՀ-ն ո՛չ դիմորդների, ո՛չ ուսանողների թվաքանակի խնդիրներ չի ունեցել և այսօր էլ չունի, այն շարունակում է մնալ ՀՀ ամենապահանջված, վարկանիշավորման բոլոր համակարգերում ՀՀ առաջատար, դիմորդների և ուսանողների թվաքանակի առումով՝ ամենախոշոր, ֆինանսապես՝ ամենակայուն բուհը, իր աշխատողների հանդեպ սոցիալապես և հասարակության հանդեպ (համազգային գրեթե բոլոր ծրագրերում ծանրակշիռ ներգրավում) ամենապատասխանատու կրթօջախը:
Միաժամանակ ակնհայտ ուղղորդված և թիրախավորված պատվերներ կատարող լրատվամիջոցների հետ անթույլատրելի ենք համարում բանավեճի կամ նույնիսկ երկխոսության մեջ մտնելը՝ մնալով, սակայն, ամենահրապարակային, թափանցիկ աշխատող, քննադատությունները (ոչ զազրախոսություններն ու զրպարտանքները) ընդունող, դրանցից հետևություններ անող բուհը:
Սրանք, կարծում ենք, բարձրագույն կրթության զարգացման, դրա մրցունակության, միջազգային շուկայում ներգրավվածության ապահովման գործում այն գրավականներն են, որոնց հիման վրա է Երևանի պետական համալսարանը իրականացնում իր կրթագիտական առաքելությունը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն