Ֆլորիդայի նահանգապետը կարգադրել է հարյուր հազարավոր մարդկանց տարհանել «Իրմա» փոթորկի պատճառով
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում: Նահանգի իշխանությունները կարգադրել են նախեւառաջ տարհանել Մայամիի շրջանում բնակվող ավելի քան 650 հազար մարդու։
Ինչպես սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը, դանդաղելն անթույլատրելի է: «Փոթորկն ի զորու է ամայացնել մեր նահանգը եւ աղետալի հետեւանքներ ունենալ: Մենք չենք կարող ձեզ փրկել փոթորկի վրա հասնելուց հետո: Ուստի եթե դուք գտնվում եք տարհանման ենթակա գոտում եւ օգնության կարիք ունեք, պարտավոր եք անհապաղ նախազգուշացնել մեզ»,-ընդեգծել է նա:
Նահանգապետը թվարկել է 20-ի ավելի օկրուգներ, քաղաքներ, բնակավայրեր ու շրջաններ, որտեղ պարտադիր տարհանում է հայտարարված: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Պալմ-Բիչ քաղաքին, Մայամի-Դեյդի, Մոնրոյի, Բրոուարդի, Քոլիերի օկրուգներին: Այնտեղ շտապ կարգով ապաստարաններ են կազմակերպվում մարդկանց ժամանակավոր տեղավորման համար: Ապաստարաններ կազմակերպելու համար ազատվում են դպրոցները, քոլեջները, համալսարաններն ու պետական հիմնարկները, որոնք, ըստ նախնական տվյալների, որոշվել է փակել սեպտեմբերի 8-ից մինչեւ 11-ը:
Ռիք Սքոթն ամփոփել է փոթորկին նախապատրաստվելու պլանի կատարման առաջին արդյունքները: ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի 7 հազար մարտիկներ բերվել են պատրաստության վիճակի, նրանք իրենց տրամադրության տակ ունեն շուրջ հազար ավտոմեքենա, 17 կատեր, 13 ուղղաթիռ:
«Ասոշիեյթեդ պրես» գործակալության տվյալներով՝ «Իրմա» փոթորկի հետեւանքով չորս մարդ է զոհվել ամերիկյան Վիրջինյան կղզիներում: Տեղի իշխանությունները փոթորկի պատճառած վնասը գնահատում են աղետալի:
ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվում է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), վերանայել է «Իրմա»-ի հետագա շարժման ուղեգիծը: Օդերեւութաբանները գտնում են, որ փոթորիկը կտեղաշարժվի դեպի արեւմուտք՝ Ֆլորիդայի ուղղությամբ: Ավելի վաղ պահպանվում էր այն բանի հավանականությունը, որ «Իրմա»-ն կարող է շրջվել դեպի արեւելք: «Ավելի հավանական է դարձել, որ «Իրմա»-ն կհայտնվի Ֆլորիդայի հարավում որպես հզոր սպառնալի փոթորիկ՝ իր հետ բերելով մարդկանց կյանքի համար վտանգավոր քամիներ, որոնք հետեւանքներ կունենան նահանգի տարածքի մեծ մասի համար»,-ճշտել են կենտրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: