Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել Իսպանիայի կազմից դուրս գալու կարգի մասին
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես նշել է El Pais հրատարակությունը, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում: Նրանց մտահղացմամբ՝ օրենքը կգործի երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացի կիրարկումը:
Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետ) ընդունել է օրենք հանրաքվեի մասին եւ կից փաստաթղթեր, մասնավորապես, ընտրական հանձնաժողով կազմելու եւ քվեարկության կազմակերպման սկզբունքների մասին: Սեպտեմբերի 7-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանն արտահերթ նիստում կասեցրել է այդ բոլոր փաստաթղթերի գործողությունը:
Իսպանիայի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են Կատալոնիայի զանգվածային լրատվամիջոցներին, ինքնավար մարզի պետական ծառայողներին եւ ոստիկանության ղեկավարությանը դատական վճիռների չկատարման հետեւանքների մասին: Ի պատասխան Սահմանադրական դատարանի վճռի՝ ինքնավար մարզի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ «Կատալոնիայում ժողովրդավարությունը ոչ ոք չի կանգնեցնի»:
Իսպանիայի կառավարության՝ սեպտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է, որ Կատալոնիայում հանրաքվե չի լինի:
«Ոչ մի հանրաքվե չի անցկացվի: Ժողովրդավարությունը կպատասխանի հաստատակամությամբ, վստահությամբ եւ արժանապատվությամբ,- հայտարարել է նա:- Ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ դատարանները չեն կարող համակերպվել դրան ոչ մի պարագայում»: