Մասիսի հանրակացարանում կինը ծեծել է իրեն անբարոյական անվանած կնոջը, մազերից բռնած քարշ տվել միջանցք, հարվածել ոտքերով
Մասիսում կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին ծեծի մեղադրանքով։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։
Կնոջը նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհու տանը՝ Մասիս քաղաքի հանրակացարանում, հանրակացարանի մեկ այլ բնակչուհու կողմից իրեն անբարոյական անվանելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում բռնի այլ գործողություններ կատարելով՝ երկու ձեռքով բնակչուհու մազերից բռնած քարշ է տվել դեպի հանրակացարանի միջանցք, այդպես վերջինիս մազերից բռնած՝ 3-4 անգամ քարշ տվել այս ու այն կողմ և այդ ընթացքում ծեծել, 5-6 անգամ ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծը։ Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։