
«Եթե մենք Լուկակուին ստորագրեինք Նեյմարի տրանսֆերից հետո, ապա նա 2 անգամ թանկ կարժենար». Ժոզե Մոուրինիո

«Յուրահատուկը» գովաբանել է իրեն հեռատեսության համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գոհ է մնացել ակումբի տրանսֆերային արշավից: Ըստ նրա խոսքերի՝ «կարմիր սատանաները» ճիշտ են վարվել՝ ստորագրելով Ռոմելու Լուկակուին և Նեմանյա Մատիչին ամառվա առաջին կեսին:
«Մենք հպարտանալու տեղ ունենք: Ենթադրում էինք, որ կարող է ինչ-որ բան կատարվել, որը կփոխի շուկան: Դա Նեյմարի տրանսֆերն էր: Կարծում եմ՝ Լուկակուն օգոստոսին կարժենար 160 մլն եվրո, իսկ Մատիչը՝ 65-75 մլն եվրո: Լավ է, որ նրանց ավելի շուտ ստորագրեցինք: Իսկ եթե ռեկորդն առաջվա նման պատկաներ Պոգբային, ապա «Լիվերպուլը» Կոուտինիոյին բաց կթողներ «Բարսելոնա» 101 մլն եվրոյով»,- Մոուրինիոյին է մեջբերում The Times-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Լուկակուն գնեց «Էվերթոնից» 87.4 մլն եվրոյով, իսկ Մատիչին՝ «Չելսիից»՝ 44.7 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը