
Կանադայի ավիաընկերությունները Կարիբներից զանգվածաբար դուրս են բերում զբոսաշրջիկներին

Կանադայի երեք ավիաընկերություններ՝ Air Transat-ը, WestJet-ը եւ Air Canada-ն, Կարիբյան ավազանի երկրներ են ուղարկել լրացուցիչ ինքնաթիռներ՝ «Իրմա» վերահաս փոթորկի պատճառով զբոսաշրջիկների տարահանման համար: Սեպտեմբերի 6-ին այս մասին հայտնել են ավիափոխադրողների ներկայացուցիչները:
Դոմինիկյան Հանրապետություն եւ բրիտանական Թյորքս եւ Քայկոս անդրծովյան տարածքներ են մեկնել Air Transat-ի 15 եւ WestJet-ի երեք ինքնաթիռներ: «Ինքնաթիռներում տեղերի թիվը համապատասխանում է մեր սպասարկյալների թվին, որոնք ավելի վաղ մեկնել են այդ երկրներ»,- հայտնել է WestJet-ի ներկայացուցիչ Ռոբերտ Փալմերը: Սեպտեմբերի 7-ին այդ ավիափոխադրողը եւս մի քանի ինքնաթիռ կուղարկի Կուբա՝ Սանտա Կլարա եւ Կայո Կոկո առողջավայրերից զբոսաշրջիկների տարահանման համար:
Կանադայի Air Canada խոշորագույն ավիաընկերությունը նույնպես մի քանի ինքնաթիռներ է ուղարկել Անտիգուա եւ Բարբուդայի, Դոմինիկյան Հանրապետության եւ Թյորքսի եւ Քայկոսի առողջավայրերից իր սպասարկյալների դուրսբերման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: