
Կառավարությունը հաստատեց հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ հայեցակարգը ենթադրում է առողջ ապրելակերպի տեսլականի զարգացումը քաղաքացիների համար:
«Հայեցակարգի նպատակն է ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը և այլն»,- ասաց Ղազարյանը:
Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները կնպաստեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովմանը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովմանը: