«Թրամփը չափազանց երկար է զբաղեցնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը». Շուլց
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չափազանց երկար է զբաղեցնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։
Zeit Magazin հրատարակության լրագրողի այն հարցին, թե Թրամփը որքան երկար կկարողանա մնալ Սպիտակ տանը, Շուլցը պատասխանել է. «Ըստ իս, նա արդեն իսկ չափազանց երկար է գտնվում այդ պաշտոնում»: Շուլցը քանիցս քննադատաբար է արտահայտվել ԱՄՆ-ի նախագահի մասին՝ հորդորելով եվրոպացիներին՝ չենթարկվել Թրամփի քաղաքական տրամաբանությանը:
IfD ինստիտուտի հարցման տվյալներով, որն անցկացվել է սեպտեմբերի 6-ին, Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 38,5 տոկոսը, Շուլցի ԳՍԴԿ-ն 24 տոկոս աջակցություն է ստացել: «Ազատ դեմկուսի» (գերմանացի լիբերալներ) օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 10 տոկոսը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, ինչպես նաեւ «Ձախերին» եւ «Կանաչներին» պատրաստ է աջակցել ընտրողների 8-ական տոկոսը:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: