
«Կատյան» վերածվել է փոթորկի

Մեքսիկայի ափերի մոտ առաջացած «Կատյա» արեւադարձային մրրիկը փոթորկի ուժ է ձեռք բերել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:
Փոթորկի շրջանում քամու արագությունը հասնում է ժամում 120 կիլոմետրի: Օդերեւութաբանները կանխատեսում են երկու օրվա ընթացքում մրրկային հոսքերի արագության սաստկացում: Այժմ «Կատյան» ժամում 4 կիլոմետր արագությամբ շարժվում Է դեպի հարավ – արեւելք:
Նաեւ Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը հայտնել է, որ մինչեւ առաջին կատեգորիայի փոթորիկ ուժեղացել է «Խոսե» արեւադարձային մրրիկը, որն այժմ ժամում 25 կիլոմետր արագությամբ շարժվում է դեպի Կարիբյան կղզիներ, իսկ փոթորկի գոտում քամու արագությունը հասնում է ժամում 120 կիլոմետրի:
Լուսանկարը` Reuters