«ԿԺԴՀ-ի գործողությունները գլոբալ պատասխան են պահանջում». Ստոլտենբերգ
ԿԺԴՀ-ի գործողությունները գլոբալ սպառնալիք են ներկայացնում, ուստի պահանջում են գլոբալ պատասխան: Այդ մասին Էստոնիայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Հյուսիսային Կորեայի գործելակերպը գլոբալ սպառնալիք է, որը միասնական գլոբալ պատասխան է պահանջում»,-ասել է նա Տալլինում պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական նիստի սկսվելուց առաջ:
«Մենք կոչ ենք արել ԿԺԴՀ-ին՝ ամբողջությամբ կատարել ՄԱԿ-ի բոլոր բանաձեւերը, հրաժարվել միջուկային ու հրթիռային ծրագրից, ձեռնպահ մնալ հետագա փորձարկումներից, ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ»,-հավելել է Ստոլտենբերգը:
Նա ընդգծել է, որ «միջազգային հանրակցության բոլոր անդամները պարտավոր են ամբողջությամբ կատարել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները»:
Ստոլտենբերգն այցով ժամանել է Տալլին՝ մասնակցելու Եվրամիության պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 6-8-ը կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: