«Ավելի էժան է, երբ ես ծառայողական մեքենայի փոխարեն օգտվում եմ տաքսիներից». դեսպան. «Հրապարակ»

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:

– Վերջերս Դուք դեսպանատուն էիք հրավիրել ու հրապարակավ շնորհակալություն հայտնել մի տաքսիստի այն բանի համար, որ նա գտել եւ Ձեզ էր վերադարձրել Ձեր բջջային հեռախոսը։ Այս դրվագը երկար քննարկվեց սոցցանցերում։ Օգտատերերը տարակուսում էին՝ մի՞թե դեսպանը տաքսիով է երթեւեկում, որի մեջ էլ կորցրել է հեռախոսը։ Իրո՞ք տաքսիով եք երթեւեկում եւ գո՞հ եք հայկական տաքսիների մատուցած ծառայություններից։

– Մենք հստակ կարգ ունենք։ Երբ ես ծառայողական գործերով ինչ-որ տեղ եմ մեկնում, ապա իմ տրամադրության տակ մեքենա եւ վարորդ ունեմ։ Բայց երբեմն գործնական միջոցառումների ժամանակ ես վարորդիս տուն եմ ուղարկում, որպեսզի ավելի շուտ հասնի իր ընտանիքին։ Բացի այդ, ավելի էժան է, երբ ես ծառայողական մեքենայի փոխարեն օգտվում եմ տաքսիներից։ Անձնական հանդիպումների դեպքում ես մեկնում եմ իմ սեփական մեքենայով, տաքսիով կամ, ինչն առավել նախընտրելի է ինձ համար, գնում եմ ոտքով։ Այդպես ավելի լավ եմ հետեւում քաղաքի իրադարձություններին, թե որտեղ ինչ է կառուցվում, ինչ նոր ռեստորաններ են բացվել, եւ որ խանութներն են, ցավոք, ստիպված եղել փակվել։

Նպատակ եմ դրել ամեն օր միջին հաշվով շուրջ 4 կիլոմետր քայլել։ Ինչ վերաբերում է տաքսու վարորդների հետ ունեցած փորձին, պետք է ասեմ, որ մինչեւ հիմա ինձ միշտ արագ եւ ուղիղ հասցրել են իմ ուզած վայրը։ Մի անգամ եմ միայն վատ փորձ ունեցել օդանավակայանի տաքսիների հետ կապված, երբ ինձնից չափազանց բարձր գին էին պահանջում։ Երեւի նրանք կարծել էին, որ ես զբոսաշրջիկ եմ։ Ամեն դեպքում՝ դա Հայաստանի համար լավ գովազդ չէ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս