Լայմի հիվանդության 4 դեպք է գրանցվել Հայաստանում
Լայմի հիվանդության 4 դեպք է գրանցվել Հայաստանում հուլիսին: «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիս ամսվա զեկույցի համաձայն՝ չորս դեպքն էլ գրանցվել են Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում:
Հիվանդներից մեկը եղել է 3 տարեկան, իսկ մյուսները՝ 4-7 տարեկան երեխաներ: Առաջին անգամ բժշկի են դիմել կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո (տզի խայթոցից 1-1.5 ամիս անց): Հիվանդներից երեքը վարակման վայր են նշել Ճակատեն գյուղը, իսկ մեկը՝ Նորաշենիկը:
Նրանք ուղեգրվել են Երևան՝ լաբորատոր հետազոտության: 3-ի մոտ դրական արդյունքը բացահայտվել է անմիջապես, իսկ մեկ հիվանդի մոտ՝ 1 շաբաթ անց:
Լայմի հիվանդությունը միջին ծանրության կլինիկական ընթացքով տարափոխիկ հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս: Լայմի հիվանդության գաղտնի շրջանը 3-32 օր է: Հիվանդության վաղ շրջանի ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը և «թափառող էրիթեմա» կոչվող մաշկային ցանը: Տզերի խայթոցից խուսափելու համար խորհուրդ է տրվում բնության մեջ զբոսնելիս կամ աշխատելիս կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր: