Բաժիններ՝

Գյումրիում 17-ամյա տղաներից մեկը մյուսի վրա բենզին է լցրել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել

Երեկ Գյումրիում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 17-ամյա մի տղա այրվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: 168.am-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, որ երեկ երեկոյան տղային իրենց մոտ են տարել, 1 ու կես ժամից նրան տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված կլինիկայի այրվածքային կենտոն:

«Մենք այրվածքներով հիվանդներին, որոնք խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն, ուղարկում ենք հանրապետական կենտրոն: Հիվանդը բերվել է երեկոյան 21:00-ի սահմաններում դեմքի, վերջույթների, որովայնի և ազդրերի շրջանի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով, հիվանդը եկել է այրվածքային շոկով, հակաշոկային դեղամիջոցներն արագ կազմակերպվել են, ու հիվանդին ուղարկել ենք Երևանի մասնագիտացված կլինիկա»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ տղայի կյանքին վտանգ չէ՞ր սպառնում, Ա. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Համենայն դեպս, անփորձանք տեղափոխել ենք Երևան»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից  մեզ հայտնեցին, որ գործը գտնվում է Քննչական կոմիտեում:

ՀՀ Քննչական կոմիտեից էլ մեզ ասացին, որ քննչական գործողություններ են կատարվում դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այրվածքներ ստացած տղան դեռ չի հարցաքննվել, քանի որ հիվանդանոցում է. «Նրա ընկերը հարցաքննվել է, նախնական տվյալներով՝ տղաները կատակել են միմյանց հետ, որի ժամանակ էլ բռնկվել է հրդեհը, հենց այդ նախնական տվյալները պարզելու ուղղությամբ էլ տարվում է քննություն»:

Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների՝ երկու ընկերներ կատակել են միմյանց հետ, և ընկերներից մեկը մյուսի վրա բենզին է լցրել, ինչի արդյունքում էլ բռնկվել է հրդեհը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս