![](/banners/BeFunky-design.jpg)
Վերջին երկու շաբաթում Մյանման լքել են ավելի քան 146 հազար ռոհինջա փախստականներ. Reuters
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904333.jpg)
Վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 146 հազար ռոհինջա փախստականներ են եկել Բանգլադեշ Մյանմայում բռնությունների նոր ալիքի տարածման պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի դիտորդների տվյալները:
Ըստ գործակալության տեղեկատվության, Մյանմայի Ռաքհայնի նահանգի տարածքից փախստականների ընդհանուր թվաքանակը հարեւան Բանգլադեշում 223 հազարի է հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ տարածաշրջանում նույնպես բռնություններ գրանցվեցին: Այն ժամանակ իսլամիստ զինյալները Ռաքհայնում մի շարք հարձակումներ էին կատարել ուժայինների դիրքերի վրա, ինչը ռազմական գործողության հանգեցրեց տարածաշրջանում:
Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որը հանրապետության իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Մյանմայի արեւմուտքում ընդհարումների զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: