Facebook-ը կսկսի ընկերություններից վարձավճար վերցնել WhatsApp-ի օգտագործման համար
Facebook Inc ընկերությունը մտադիր է ապագայում սկսել վարձավճար վերցնել ընկերություններից WhatsApp-ի հավելվածների նոր գործառույթների օգտագործման համար, որոնք ստեղծվել են հաճախորդների հետ գործարարների շփման համար: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը:
«Մենք ցանկանում ենք մարդկանց թույլ տալ հաղորդագրություններ ուղարկել ընկերություններին եւ ցանկալի պատասխաններ ստանալ,-հայտարարել է WhatsApp-ի օպերացիոն տնօրեն Մեթ Այդեման:-Մենք պլանավորում ենք դրա դիմաց ապագայում փող վերցնել ընկերություններից»:
Նորամուծությունը վերաբերելու է WhatsApp Business հավելվածներին, որոնք ստեղծվել են ոչ մեծ ընկերությունների համար, եւ խոշոր կորպորացիաների համար նախատեսված առանձին գործիքի, որը նրանց թույլ է տալիս ուղղակիորեն միանալ WhatsApp-ի հիմնական հավելվածին: Ներկայում այդ ծառայությունները թեստավորում են անցնում Բրազիլիայում, Եվրոպայում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում. մասնավորապես, ծառայությունն օգտագործում է KLM Royal Dutch Airlines հոլանդական ընկերությունը:
Facebook-ը WhatsApp-ի համար 22 մլրդ դոլար է վճարել 2014 թվականին, բայց մինչ այժմ ոչ մի ցենտ չի վաստակել դրանով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: