Հունգարիայում «անպատասխանատու» են համարում փախստականների վերաբերյալ ԵՄ-ի դատարանի վճիռը
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ փախստականների տարաբնակեցման բաժնեմասերի չեղարկման՝ Բուդապեշտի եւ Բրատիսլավայի հայցի վերաբերյալ Եվրամիության դատարանի վճիռը «սարսափազդու է ու անպատասխանատու»: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Եվրամիության դատարանը սեպտեմբերի 6-ին մերժել է Հունգարիայի եւ Սլովակիայի հայցերը, որոնք պահանջում են Եվրամիության անդամ երկրների համար չեղարկել փախստականների տարաբնակեցման ազգային բաժնեմասերը:
«Հունգարիայի կառավարությունը Եվրոպական դատարանի այսօրվա վճիռը սարսափազդու եւ անպատասխանատու է համարում»,- հայտարարել է Սիյարտոն՝ նշելով, որ դատարանի վճիռը «հարվածի տակ է դնում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը եւ ապագան»:
Հունգարիան եւ Սլովակիան վիճարկել են 2015 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռը, որը Եվրամիության անդամներին պարտավորեցնում է ընդունել Հունաստան եւ Իտալիա ժամանած 120 հազար փախստականներին՝ նվազեցնելու համար միգրացիոն ճնշումն այդ երկու պետությունների վրա: Սույն վճռին դեմ են քվեարկել Հունգարիան, Ռումինիան, Սլովակիան եւ Չեխիան, Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել: Դատական քննությունների ընթացքում Հունգարիայի եւ Սլովակիայի դիրքորոշումների պաշտպանությամբ հանդես է եկել Լեհաստանը, մինչդեռ Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Շվեդիան եւ Եվրահանձնաժողովը պաշտպանել են ԵՄ խորրդին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: