Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում կտեղակայեն ևս չորս THAAD համակարգեր
Սեուլը հայտնել է սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկման ֆոնին Հարավային Կորեայի ամերիկյան ռազմակայանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) THAAD չորս լրացուցիչ համակարգեր ծավալելու մասին: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:
Հակահրթիռային պաշտպանության համակարգերը սեպտեմբերի 7-ին կտեղակայվեն Հարավային Կորեայի մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սոնջուի ռազմակայանում, հաղորդում է գործակալությունը: 2016 թվականի հուլիսին վեց ամիս տեւած բանակցություններից հետո ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան պայմանավորվեցին THAAD համակարգի ծավալման շուրջ, որն անհրաժեշտության դեպքում պետք է կալանի Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները: THAAD-ը (Terminal High Altitude Area Defense) նախատեսված է, ինչպես պնդում են, փոքր ու միջին գործողության շառավղի հրթիռների անդրմթնոլորտային կալանման համար:
THAAD համակարգերի ծավալումն անհանգստացնում է Չինաստանին ու Ռուսաստանին: Ճապոնիան հավանություն է տվել այդ պլաններին, նշելով, որ THAAD-ի տեղակայումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: