Բաժիններ՝

«Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ծովի Բարբուդա կղզի

«Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա եւ Բարբուդա պետության ափերին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի՝ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորիկը Բարբուդա կղզի է ներխուժել տեղական ժամանակով ժամը 2:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Այժմ այն հյուսիս-արեւմուտք է շարժվում ժամում մոտավորապես 295 կիլոմետր արագությամբ: Փոթորիկը, ինչպես սպասվում է, կանցնի Պուերտո Ռիկոյի, Դոմինիկյան Հանրապետության, Հայիթիի ու Կուբայի տարածքով եւ, ըստ մասնագետների գնահատումների, Ֆլորիդայի ափերին կարող է հասնել շաբաթ օրը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայի նահանգում եւ ԱՄՆ-ի անդրծովյան տարածքներում՝ Պուերտո Ռիկոյում եւ Վիրգինյան կղզիներում՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:

Փոթորիկն արդեն հասել է հինգերորդ՝ առավելագույն կատեգորիային, այն համարում են առնվազն վերջին տասնամյակում ամենահզոր փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում: Այն ավելի ուժեղ է «Հարվի» փոթորկից, որն օգոստոսի վերջին մոլեգնեց Տեխասի ծովեզերքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս