Բաժիններ՝

Գերմանիային կրկին նախազգուշացրել է Թուրքիա մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում թարմացրել է Թուրքիա մեկնել ցանկացողների համար տեղադրված նախազգուշացումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Նախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում մեծ թվով գերմանացիներ են ձերբակալվել: ԱԳՆ-ից ընդգծել են, որ ձերբակալությունները հնարավոր են անգամ զբոսաշրջային գոտիներում: Դրանք հատկապես կարող են անդրադառնալ այն անձանց, ովքեր միաժամանակ Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի են, կամ Թուրքիայում անձնական կապեր ունեն:

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նշել է, որ կայքում տեղադրված հայտարարությունը զբոսաշրջիկների համար հերթական հիշեցումն է Թուրքիայում առկա վտանգների մասին:

Անթալիայի օդանավակայանում օգոստոսի 31-ին ձերբակալվել էր թուրք ծագում ունեցող Գերմանիայի քաղաքացի մի զույգ: Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի տվյալներով՝ զույգի ձերբակալման պատճառ էր դարձել նրանց մասին անանուն էլեկտրոնային նամակը, որն ուղարկվել էր Թուրքիայի իշխանություններին: Սեպտեմբերի 4-ին ձերբակալված զույգի կինն ազատ էր արձակվել, իսկ ամուսինը շարունակում է մնալ Թուրքիայում: Նրան մեղադրում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում այս պահին գտնվում են Գերմանիայի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը կալանավորված են քաղաքական դրդապատճառներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս