Բաժիններ՝

Զինյալները նոր հարձակումներ են կատարել Մյանմայի արևմուտքում. Myanmar News Agency

Մյանմայի իշխանությունները հայտնել են, որ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» զինյալները նոր հարձակումներ են կատարել Ռաքհայնի նահանգի հյուսիսում: Այդ մասին հայտնել է Myanmar News Agency-ն:

Նրա տվյալներով՝ հարձակումների են ենթարկվել Բանգլադեշին սահմանակից Մաունգդաու շրջանի երեք բնակավայրեր: «Նահանջելուց առաջ ահաբեկիչները հրկիզել են հարյուրից ավելի տներ»,- նշում է կառավարական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի գլխավոր կոմիսարի վարչության (ՓԳԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Դանյա Ասլամ Խանը սեպտեմբերի 5-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ: Նրա խոսքով՝ Բանգլադեշ ժամանողները «քաղցած են, ուժասպառ ու հիվանդ, նրանք օրեր շարունակ ոտքով քայլել են իրենց հայրենի գյուղերից, թաքնվելով ջունգլիներում՝ հաղթահարելով լեռներ ու գետեր»: Նրանք հիմնականում տեղավորվում են Բանգլադեշի հարավ-արեւմուտքի ճամբարներում: ՓԳԳԿՎ-ի գնահատումներով՝ ավելի քան 30 հազար ռոհինջա փախստականներ ապաստան են գտել Կուտուպալոնգի եւ Նայպարի գործող ճամբարներում, որոնք մեծ դժվարություններ են կրում, քանի որ ամեն օր այստեղ են ժամանում հարյուրավոր մարդիկ:

Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որը հանրապետության իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, Մյանմայի արեւմուտքում ընդհարումների զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս