Բաժիններ՝

Մահացել է Արտավազդ Գևորգյանը

2017 թվականի սեպտեմբերի 4-ին, 91 տարեկան հասակում մահացել էՀԽՍՀ դատախազ, ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահ, ՀԽՍՀ արդարադատության նախարար, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ արդարադատության պետական խորհրդական, ՀՀ վաստակավոր իրավաբան Արտավազդ Գևորգյանը:

Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Հանձնաժողովի որոշմամբ Արտավազդ Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2017թ-ի սեպտեմբերի 6-ին, ժ. 18․00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ Կամերային տանը՝ 2017թ. սեպտեմբերի 7-ին, ժ. 12.00-13.30-ը, հուղարկավորությունը՝ կենտրոնական գերեզմանատանը։

Արտավազդ Գևորգյանը ծնվել է 1926 թվականի Կիրովական (ներկայիս Վանաձոր) քաղաքում, իրավաբանի ընտանիքում: Գերազանցությամբ ավարտել է Կիրովականի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1949թ. գերազանցության դիպլոմով՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1949թ. ընդունվել է ասպիրանտուրա՝ միաժամանակ դասախոսական աշխատանքի անցնելով ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Ա. Գևորգյանը 1957-1960թթ. և 1962-1967թթ. գլխավորել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնը, իսկ 1965-1967թթ. եղել է իրավաբանական ֆակուլտետի դեկան: Ա. Գևորգյանը 1959-1961թթ. եղել է Հայկական ԽՍՀ դատախազ, 1967-1970թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ, 1970-1985թթ. Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար, 1985-1990թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի նախագահ: 1990թ. մայիսի 14-ին ԽՍՀՄ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀԽՍՀ դատախազ: 1990թ. դեկտեմբերից մինչև 1997թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազ: 1997-2008թթ. դասավանդել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում: Հանրապետությունում առաջինն է արժանացել ՀՀ արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի:

Նա ունի նաև Խորհրդային Միության արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան և միութենական առաջին դասի դատավորի կոչում: Ա. Գևորգյանի գրչին են պատկանում մոտ երկու տասնյակ գիտական աշխատություններ և հոդվածներ: Ա. Գևորգյանը եղել է ՀԿԿ մի քանի համագումարների պատգամավոր, ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ: Նա եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր: Դատական-դատախազական ու արդարադատության մարմիններում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար Արտավազդ Գևորգյանը պարգևատրվել է երկու Աշխատանքային կարմիր դրոշի և մեկ Ժողովուրդների բարեկամության շքանշաններով:

Լուսանկարը՝ aravot.am-ի։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս