Երևան սիթին՝ կրկին խաղամոլության օջախ. Սամվել Ալեքսանյանն ընդառաջեց Շինանյութի Սերգեին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի ավտոկայանտեղիին հարող միջանցքում տեղադրվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:

Այդ սարքավորումները, որոնք շատ նման են վճարահաշվարկային տերմինալներին, պատկանում են «Գուդվին» ընկերությանը, որը ստեղծել է գործարար Սերգեյ Մանուկյանը՝ առավել հայտի «Շինանյութի Սերգեյ» անվանումով:

Նմանատիպ խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունը անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք: Այս խաղային ապարատները եթե մինի խաղատուն չասենք, ապա կարող ենք ասել, որ խաղատան սարքավորումներից քիչ տարբերվող են: Դրանց միջոցով մարդիկ մուտքագրում են գումար սկսած 1000 դրամից եւ անդադար խաղալ, թե բախտները բերեց՝ շահում էլ կունենա կրկին գումարի տեսքով:

Խաղատների եւ շահումով խաղերի դաշտը կարգավորում են «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների» մասին ՀՀ օրենքները: Դրանցից առաջինը կանոնակարգում է լոտոների կազմակերպման ոլորտը:

«Գուդվին» ընկերության ապարատների կանոնակարգումը իրականացվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով, որի բացերից օգտվելով «էլ լոտո»-ի խաղային ապարատները տարածվեցին հանրապետությունով մեկ:  Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, եւ դրա հետեւանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները: Լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, որը եւ լիցենզավորում է եւ վերահսկողություն իրականացնում:

Քանի որ օրենքը հստակ չի սահմանում, թե որտեղ կարող են տեղակայվել այդ վիճակախաղի սարքավորումները, բնականաբար այն տնօրինողը, ըստ իր տնտեսական գործունեության շահավետության, տեղադրում է այնտեղ, որտեղ առավել նպատակահարմար է իրեն:

Այսպես, օրենսդրական բացից օգտվելով, «Գուդվին» ընկերությունը մեծ թափ է հաղորդում իր այսպես կոչված «մինի խաղատներին», որի պոտենցիալ օգտվողը կարող են լինել այն անձինք, որոնք այցելում են «Երեւան սիթի» սուպերմարկետ, իսկ անչափահասների կողմից այդ վիճակախաղից օգտվելու արգելքը հասցված է 0-ի:

Երեւանի Փակ շուկայի տարածքում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում 2015 թվականին էր փորձ արվել նույն սարքավորումներից տեղադրել, սակայն մամուլում դրա վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո սարքավորումները հանվեցին: Նույն տարում Արարատի մարզի Դարակերտ գյուղում էլ ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել, գյուղի գազալցակայանի աշխատակիցներից մեկը տանուլ էր տվել իր մոտ եղած գումարը նույն ապարատների միջոցով եւ հետո դիմել էր ինքնասպանության: Այս դեպքից հետո, սակայն, «էլ լոտո»-ի ապարատները շարունակվեցին մնալ գազալցակայաններում:

Այսօր արդեն մեծ հերթեր են գոյանում գազալցակայանների այն հատվածներում, որտեղ տեղակայված են «Գուդվին» ընկերության խաղային ապարատները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս