Բաժիններ՝

Անհավատների թիվը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գերազանցել է 50 տոկոսը

Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման տվյալները ցույց են տալիս, որ, պատմության մեջ առաջին անգամ, այդ երկրի բնակիչների ավելի քան կեսն իրեն չի համարում այս կամ այն կրոնի հետեւորդ։ Հարցմանը, որն անցյալ տարի կատարել է Մեծ Բրիտանիայի սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնը, մասնակցել են 2942 չափահասներ, որոնց 53 տոկոսը «կրոնական պատկանելություն» հարցում ընտրել է «ոչ մի կրոնի» տարբերակը:

18-ից մինչեւ 25 տարեկանների շրջանում անկրոն մարդկանց բաժինն էլ ավելի մեծ է՝ 71 տոկոս: Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ Լիվերպուլի եպիսկոպոսը նշել է, որ «որեւէ կրոնի չդավանելը չի նշանակում աթեիստ լինել», իսկ Աստվածը եւ Եկեղեցին, նրա խոսքով, «մնում են ակտուալ»:

Հարցման արդյունքները, որոնք սեպտեմբերի 4-ին հայտարարվել են BBC-ի եթերում, ցույց են տալիս Միացյալ Թագավորությունում կրոնական համոզմունքների նվազման միտումը: Երբ համանման հետազոտությունները նոր էին սկսել անցկացվել 1983 թվականին, հարցման մասնակիցների միայն 31 տոկոսն էր հայտարարել, որ ոչ մի դավանանքի չի պատկանում:

Վերջին հարցման մեջ, որը պատահական ընտրանքի սկզբունքով անցկացվել է երկրի չափահաս բնակիչների շրջանում, մասնակիցները պետք է պատասխանեին այն հարցին, թե նրանք իրենց համարում են արդյոք որոշակի կրոնի հետեւորդներ: 25-ից մինչեւ 34 տարեկան մարդկանց գրեթե երկու երրորդը հայտարարել է, որ կրոնասեր չէ այն դեպքում, երբ 75 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցների շրջանում իրենց կրոնասիրության մասին հայտնել է երեք քառորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս