«Իրմա» փոթորիկն ուժեղացել է մինչև «չափազանց վտանգավոր» մակարդակ
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը հասել է հզորության հինգերորդ մակարդակին ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոթորիկը հասել էչորրորդ կատեգորիայի:
«Իրմա»-ն շարժվում է դեպի Կարիբյան ծովի կղզիներ, քամու պոռթկումների արագությունը հասնում է ժամում 281 կիլոմետրի: Հինգերորդ կատեգորիան օդերեւութաբանների կողմից գնահատվում է որպես «չափազանց վտանգավոր»:
Փոթորկին նախապատրաստվում են Պուերտո Ռիկոյում, Կուբայում եւ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում: Մասնավորապես, նախօրյակին Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգի տարածքում:
«Ֆլորիդայում մենք միշտ պատրաստվում ենք վատթարագույնին եւ ակնկալում, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի եւ, քանի որ ներկայում հայտնի չէ «Իրմա»-ի շարժման ստույգ ուղղությունը, մենք չենք կարող չնախապատրաստվել դրան»,- ասված է Սքոթի հայտարարության մեջ:
Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նաեւ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն, չեղյալ են հայտարարված պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում:
Պուերտո Ռիկոյի վարչակազմը պատրաստել է 456 ապաստարան, որոնք կարող են տեղավորել ավելի քան 62 հազար մարդու, ինչպես նաեւ գնել է ավելի քան 65 մլն դոլար գումարի պարենամթերք, որպեսզի դա բաժանի այն բնակիչներին, ովքեր կարող են տուժել տարերքի հարվածից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: