Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ
Օգոստոսի 25-ին Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի գլխավոր կոմիսարի վարչության (ՓԳԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Դանյա Ասլամ Խանը:
«Ըստ գնահատումների՝ անցած ամսին Մյանմայի հյուսիսի Ռաքհայնի նահանգում բռնության բռնկումների ժամանակից ի վեր 123 հազար փախստականներ են փախել Բանգլադեշ,-նշել է նա:-ՓԳԳԿՎ-ն խորապես անհանգստացած է Մայանմայում շարունակվող հակամարտությունից եւ այն հաղորդագրություններից, որ քաղաքացիական անձինք են զոհվել՝ փորձելով փրկվել»:
Նրա խոսքով՝ Բանգլադեշ ժամանողները «քաղցած են, ուժասպառ ու հիվանդ, նրանք օրեր շարունակ ոտքով քայլել են իրենց հայրենի գյուղերից, թաքնվելով ջունգլիներում՝ հաղթահարելով լեռներ ու գետեր»:
Ժամանածները հիմնականում տեղավորվում են Բանգլադեշի հարավ-արեւմուտքի ճամբարներում: ՓԳԳԿՎ-ի գնահատումներով՝ ավելի քան 30 հազար ռոհինջա փախստականներ ապաստան են գտել Կուտուպալոնգի եւ Նայպարի գործող ճամբարներում, որոնք մեծ դժվարություններ են կրում, քանի որ ամեն օր այստեղ են ժամանում հարյուրավոր մարդիկ:
Մինչդեռ ՓԳԳԿՎ-ում չեն բացառում, որ սահմանին կարող են գտնվել Մյանմայի բնակիչներ, որոնց դեռեւս չի հաջողվել անցնել սահմանը: ՄԱԿ-ում նրանց ստույգ թիվը հայտնի չէ:
Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որը հանրապետության իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Մյանմայի արեւմուտքում ընդհարումների զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են: Բռնության բռնկման պատճառով հարեւան Բանգլադեշում արդեն ընդունել են շուրջ 90 հազար ռոհինջա փախստականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: