Բաժիններ՝

Պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու անցել իրենց լիազորությունները

ՀՀ քաղաքացիներ Ս. Կ.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև վաշխառության դեպքերի առթիվ:

Այսպես, Ս. Կ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.02.2017թ.-ին քաղաքացի Ռ. Մ.-ի հետ 6 ամիս ժամկետով կնքել է 8.500.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր և որպես գումարի վերադարձման երաշխիք գրավադրել իր բնակարանը: Սակայն պայմանագրով նախատեսված ժամկետը դեռ չլրացած, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պայմանների խախտմամբ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը բնակարանի սեփականության իրավունքը գրանցել է փոխատու Ռ. Մ.-ի անվամբ: Դրանից հետո հիշյալ բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր, հաշվի չառնելով, որ բնակարանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է անօրինական ճանապարհով, և այդ կապակցությամբ քննվում է վարչական գործ, Ս. Կ.-ից պահանջել են գույքով հանդերձ ազատել բնակարանը՝ հակառակ դեպքում սպառնալով վերջինիս բռնի ուժով վտարել այնտեղից:

Ս. Կ.-ն միաժամանակ հայտնել է, որ ոստիկանության հիշյալ աշխատակիցները, առանձնակի շահագրգռվածություն ցուցաբերելով փոխատուի գումարների նկատմամբ, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից և պահանջել փոխառության պայմանագրով նախատեսված 8.500.000 ՀՀ դրամից բացի վերադարձնել ևս 2.500.000 ՀՀ դրամ տոկոսագումար` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն, այնուհետև առանց գույքի իրեն վտարել են բնակարանից:

Ս. Կ.-ի որդին՝ Ս. Մ.-ն, իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ Ռ. Մ.-ն զբաղվում է վաշխառությամբ, և վերը նշված փոխառության պայմանագիրը կրել է ձևական բնույթ. իրականում իրենք 8.500.000 ՀՀ դրամից վերցրել են 7.500.000 ՀՀ դրամը, իսկ մնացած` 1.500.000 ՀՀ դրամը Ռ. Մ.-ն տեղում վերցրել է որպես տոկոսադրույք:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և քաղաքացու կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ, 308-րդ և 213-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության oրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս