«Հայաստանում մենք ինչ-որ բաներ ենք անում՝ հասկանալով, որ ցանկացած պահի ՌԴ ղեկավարությունը կարող է ասել՝ էլ մի արեք». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանը չի կարող փոխել այն անվտանգության համակարգը, որին մասնակցում է.

«Հայաստանը կարող է վստահ լինել, որ Ռուսաստանը միշտ չի լինելու Հայաստանի անվտանգության երաշխավորը, որովհետև ՌԴ-ի շահերը բավականին արագ փոփոխվում են, և առաջիկայում կարող ենք ակնկալել, որ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը մեզ համար հեռանկարներ չունի»։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է նախապատրաստական աշխատանքներ տանի, որ չհրաժարվելով անվտանգության ներկայիս համակարգից՝ համագործակցության ծրագրեր մշակի այլ անվտանգության համակարգերի հետ.

«Եվ դա այն է, ինչ Հայաստանն անում էր, բայց այնպես չէր անում, որ լավագույն ձևով լուծեր իր անվտանգության խնդիրները։ Եթե դու ունես մեկ հիմնական գործընկեր և  այլ գործընկերներ, որոնց հետ զուգահեռաբար զարգացնում ես հարաբերություններդ, այդ գործընկերները պետք է հստակ հասկանան, թե քեզանից ինչ կարող են ակնկալել։ Հայաստանում մենք ինչ-որ բաներ ենք անում՝ հասկանալով, որ ցանկացած պահի ՌԴ ղեկավարությունը կարող է ասել՝ էլ մի արեք։ Դա շատ լավ հասկանում է նաև Ռուսաստանը։ Մեր մյուս գործընկեր պետություններն էլ հասկանում են, որ իրենց համագործակցությունը Հայաստանի հետ ցանկացած պահի կարող է կասեցվել ՌԴ-ի ցանկությամբ։ Մենք դրան սովորեցրել ենք երկու կողմերին էլ»։

Կարդացեք նաև

Հետևաբար, ըստ Նավասարդյանի՝ պետք է փորձենք փոխել Հայաստանի մասին այդ կարծիքը.

«Ցույց տանք, որ մենք ունենք մեր հստակ շահերը, և այնտեղ, որտեղ մեր շահերն ակնհայտ են, որևէ ճնշման չենք ենթարկվում։ Բայց մյուս կողմից՝ այդ շահերն իրականացնելու պարագայում մենք պետք է ցույց տանք, որ մեր պարտավորությունները և վստահելի լինելը կասկածի տակ չի առնվում»։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու՝ Հայաստանի որոշմանը, նա ասաց, որ դա Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վրա որևէ ազդեցություն չի ունենա.

«Ներքին քաղաքական օրակարգի համար նշանակություն ունի անվտանգության խնդիրը, բայց ես կարծում եմ, որ մինչև 2018թ. ապրիլը որևէ բան չի կատարվելու այդ առումով։ Արտաքին քաղաքականության առումով ազդեցություն կարող է ունենալ՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերին նախատեսված է ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, և այս մեր քայլը հերթական անգամ ապացուցում է մեր բոլոր գործընկերներին, որ մեզանից ամեն ինչ հնարավոր է սպասել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս