Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի շուրջը բանակցել ցանկացած ձևաչափով
ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցությունների ցանկացած ձեւաչափն ընդունելի է, եթե այն օգնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների համար իր առաջին հարցազրույցում, որը բացառիկ տրվել է ՏԱՍՍ-ին։
«Պայմանով, որ դա կօգնի հյուսիսկորեական միջուկային հիմնախնդրի լուծմանը, ես չեմ խուսափի երկխոսության ցանկացած ձեւաչափից,- ասել է Մուն Չժե Ինը:- Սակայն այժմ ժամանակը չԷ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսելու համար»:
Նա ընդգծել է, որ «Կորեական թերակղզու հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»: «Մենք չենք ձգտում տապալել հյուսիսկորեկան վարչակարգը կամ միավորման հասնել կլանման միջոցով: Մենք ձգտում ենք լուծել հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը՝ անվտանգություն երաշխավորելով Հյուսիսային Կորեայի վարչակարգին, եւ ցանկանում ենք կայուն խաղաղության համակարգ կառուցել Կորեական թերակղզում»,- ամփոփել է Մուն Չժե Ինը: