Թրամփը հավանություն է տվել Սեուլին զենքի բազմամիլիարդանոց մատակարարումներին
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել է, որ ինքն սկզբունքորեն համաձայն է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի եւ ռազմական սարքավորանքի գնմանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 4-ին տարածվել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ։
«Ղեկավարներն ընդգծել են այն լուրջ սպառնալիքը, որն ամբողջ աշխարհին ներկայացնում է ԿԺԴՀ-ն վերջին սադրանքներից հետո: Նրանք պայմանավորվել են առավելագույնի հասցնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումն՝ օգտագործելով առկա բոլոր միջոցները»,- նշված է հայտարարության մեջ:
«Նախագահ Թրամփը նաեւ սկզբունքորեն հավանություն է տվել Կորեայի Հանրապետության կողմից ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների ռազմական սարքավորանքի եւ զենքի գնմանը»,- ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: