Բաժիններ՝

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 60-ի

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհված բնակիչների թիվը հասել է 60-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Նրա տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով բնակիչներ՝ 30 հոգի, զոհվել են Հյուսթոնում ու նրա արվարձաններում:

ԱՄՆ-ի՝ մեծությամբ չորրորդ այս քաղաքի քաղաքագլուխ Սիլվեսթր Թյոռների գնահատմամբ՝ միայն փողոցներն աղբից ու փլատակներից մաքրելու համար կպահանջվի մինչեւ 100 մլն դոլար: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կպահանջվի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 47 մարդ, եւս երկու տասնյակ բնակիչներ անհայտ կորցած են համարվում: Ավելի քան 1 մլն բնակիչներ հարկադրած են եղել լքել իրենց տները, ամբողջովին ավերվել են առնվազն 43 հազար ամերիկացիների տներ: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար:

Վերլուծաբանների գնահատումների համաձայն, «Հարվի» փոթորկը՝ 190 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը) վնասով, կարող է ամենաավերիչը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որոնց պատուհասել է «Հարվի» փոթորիկը, տալիս են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում երկրի բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս