Դին գցել են 2-րդ հարկից, լվացել են հետքերը. նոր բացահայտումներ մարզպետի խորհրդականի սպանության մասին. 1in.am
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը. իսկ մայրը նրան օգնել է հետքերը թաքցնել: Իսկ իրավապահ մարմինները շարունակում են կոծկել իրականությունը: Իրավապահներին զուգահեռ Արամ Սիմոնյանը սեփական հետաքննությունն է տանում, ուսումնասիրում եղբոր թողած ձայնագրությունները, ֆայլերը, զրուցում նրա ընկերների հետ:
Արամ Սիմոնյանին զարմացնում է՝ ինչպես է նախաքննական մարմինը փորձում կոծկել եղբոր սպանության հանգամանքները, մասնավորապես, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես է դիակը դուրս բերվել տանից և տեղափոխվել: «Իմ կարծիքով՝ Նորիկն ու Ռուզանը Մանուկի դիակը տանից դուրս չեն բերել, այլ նետել են երկրորդ հարկի պատուհանից: Որովհետև երբ ես եղա տանը, երկրորդ հարկի պատուհանի ցանցը վնասված էր: Ըստ երևույթին չէին կարողացել հանել, որ դիակը գցեին, հրել էին ու վնասել, ահավոր դուրս հրված է ցանցը: Իսկ պատուհանից էին գցել, որպեսզի մարդ չտեսնի: Եթե իջեցնեին ներքև, ապա պետք է դիակը փողոցի կողմով պտտեին և բերեին նույն տեղը: Փոխարենը պատուհանից գցել են, հենց այնտեղ էլ շորերը փոխել է Ռուզանը, հետքերը թաքցրել են, արյունոտ շորերը տարել և թաքցրել է հարևան ավտոտնակում: Այդ շորերը դեպքից հետո ես եմ գտել, բերել տուն և զանգահարել իրավապահներին, որ գան տանեն: Մնացած հետքերը փորձել են թաքցնել նկուղում: Ամբողջ նկուղից այրած շորի հոտ է գալիս»,-«Առաջին լրատվական»-ին պատմեց Սիմոնյանը:
Եղբայրը նաև համոզված է, որ Նորիկը կացնով հոր գլխին չի հարվածել, քանի որ այն անկողինը, որի վրա եղել է պառկած Մանուկը, անկողնու ներքևի մասն է ամբողջությամբ արյունոտ, իսկ գլխի մասում ոչ մի հետք չկա: Դա ապացուցելու համար Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին է տրամադրել նաև այդ անկողնու լուսանկարը: Մինչդեռ նախաքննական մարմինը ևս իր հաղորդագրություններում նշում էր, որ կինը կացնով հարվածել է քնած ամուսնու գլխին:
Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին նախօրեին պատմել էր, որ եղբոր սպանությանը նախորդել էր ընտանեկան վեճ, որը եղել էր որդու ընտրյալի պատճառով: Մանուկ Սիմոնյանը համաձայն չի եղել որդու ընտրության հետ և ասել է, որ այդ աղջկա՝ Ալիսայի ոտքն իր տուն չի մտնի, կամ կմտնի միայն իր դիակի վրայով: Լուրջ վեճ է եղել: Եղբայրն անգամ իր բարեկամներից մեկի մոտ խոստովանել է, որ Նորիկին շատ ուժեղ նեղացրել է և պետք է կանչի, սիրտը շահի: «Մանուկը մի քիչ բարդ, ծանր բնավորություն ուներ: Այդ վեճը եղել էր»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե սպանությունը կարող էր բիզնեսի, ընկերության պատճառով լիներ, ապա Սիմոնյանը դժվարացավ ասել: Ընկերությունը, ամբողջ ունեցվածքը եղել է կնոջ և որդու անունով: «Դեպքից հետո ընկերության բանալիներն իմ մոտ էին: Ես գնացի, դռները բացեցի և Ալիսիկին ասացի, որ ինչ ուզում է լինի, պետք է աշխատեն, հիմնարկի գործունեությունը չպետք է դադարի: Եվ երբ քննիչները եկան, գույքագրեցին, վերցրեցին ինչ որ պետք էր, հետո բանալիները փորձեցին ինձանից վերցնել: Հետո զանգեցին Նորիկին, Ալիսիկը սկսեց Նորիկի հետ խոսել, և դրանից հետո առգրավման ակտով հիմնարկի բանալիները ինձանից վերցրեցին և տվեցին Ալիսիկին: Այլ հետևություններ չեմ կարող անել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: