«Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը պաշտոնապես չի հաստատել». Արտակ Զաքարյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել մասնակցությունն Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին:

«Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել զորավարժությունների մասնակիցների թվում, քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ այդ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մեջ արտառոց որևէ բան չկա:

«Զինված ուժերը իր արտաքին ռազմական համագործակցության խնդիրները պլանավորում է, և այդ պլանավորման ընթացքում շատ բաներ կարող են նաև փոփոխությունների և վերանայումների ենթարկվել: Դրանում որևէ արտառոց բան չկա, սկզբունքային կամ առանցքային փոփոխություններ քաղաքականության կամ մոտեցումների առումով տեղի չեն ունեցել»,-  ընդգծեց Զաքարյանը:

ՀՀ պաշտպանության փոխնախարարը հավելեց, որ ցանկացած գործողությունների մեջ վերանայումներ միշտ լինում են` հավելելով, որ տեղյակ չէ, թե ինչու են վրացական աղբյուրները մեկնաբանել, որ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց:

Զաքարյանը վստահեցրեց, որ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Ադրբեջանը ևս մասնակում է դրանց: «Ոչ մի խնդիր չի լինի: ՆԱՏՕ-ն կա, եղել է և շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է»,- նշեց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով` գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ «Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»,- եզրափակեց փոխնախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս