![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանի խոսնակը մեղադրել է Մերկելին և Շուլցին թշնամանք սերմանելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904032.jpg)
Պաշտոնական Անկարան մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու ու աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ընդդիմախոս, Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցի հեռուստաբանավեճի ժամանակ հնչեցված հայտարարություններին:
Քալընը մեղադրել է գերմանացի քաղաքական գործիչներին խտրականություն ցուցաբերելու և թշնամանք սերմանելու մեջ: Նա ընդգծել է, թե Գերմանիան իր քաղաքականությամբ պաշտպանում է ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ «ահաբեկիչներին ու հեղաշրջման փորձ ձեռնարկողներին»:
Մերկելը և Շուլցը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպված բանավեճի ժամանակ անդրադարձել էին Թուրքիայի հետ հարաբերություններին: Շուլցը հայտնել էր, որ վարչապետ դառնալու պարագայում դադարեցնելու է ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Իսկ Մերկելը հայտարարել էր, թե ավելացնելու է տնտեսական ճնշումը այդ պետության նկատմամբ: