Բաժիններ՝

Գիլիերմո դել Տորոն իր նոր ֆիլմը ներկայացրել է Վենետիկի կինոփառատոնում

Մեքսիկացի հայտնի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցույթում ներկայացրել է իր նոր՝ «Ջրի ձեւը» ֆիլմը։

Այն սառը պատերազմի ժամանակների պատմություն է համր երիտասարդ կնոջ ճակատագրի մասին, որը սիրահարված է գիտական փորձերի արդյունքում երկկենցաղ դարձած մարդուն: Ռեժիսորի խոսքով՝ ինքը ցանկացել է ֆիլմ ստեղծել առանց խոսքերի: «Խոսքեր հարկավոր չեն, բոլոր հույզերն դրսեւորում են հայացքները, դեմքի արտահայտությունները»,- ասել է հեղինակը:

Կինոնկարն արված է որպես 60-ական թվականների հոլիվուդյան բոլոր շաբլոնների փայլուն ծաղրանմանակում. դրանում կան հատվածներ մյուզիքլներից, ինչպես նաեւ սառը պատերազմի ժամանակների ռուս լրտեսների ծաղրանկարներ: Չի մոռացվել նաեւ Դել Տորոյի մեկ այլ սիրված թեմա՝ ամբողջատիրական ռեժիմների կապը տիեզերական չարիքի հետ:

Վենետիկի կինոփառատոնն օգոստոսի 30-ին մեկնարկել է ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Փոքրացում» ֆիլմով: Ընդամենը գլխավոր պարգեւին հավակնելու է 21 ժապավեն: Եվս 19 կինոնկար է հայտարարված «Հորիզոններ» երկրորդ մրցութային ծրագրում:

Միջազգային ժյուրին, որը կորոշի գլխավոր մրցանակների՝ Սուրբ Մարկոսի ոսկե եւ արծաթե առյուծների տերերին, ինչպես նաեւ լավագույն դերակատարներին, գլխավորում է ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը: Կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծները» շնորհվել են ամերկիկացի դերասաններ Ջեյն Ֆոնդային եւ Ռոբերտ Ռեդֆորդին, որոնք հանդիսականներին կներկայանան «Մեր հոգիները գիշերում» նոր ֆիլմում: Այդ կինոնկարը ցուցադրվելու է մրցույթից դուրս:

Կինոստուգատեսը կփակվի ճապոնացի Տակեսի Կիտանոյի նոր աշխատանքի պրեմիերայով, որը երրորդ ֆիլմը կներկայացնի 2010 թվականին իր կողմից սկսված «Կամայականություն» եռերգությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս